1. Ինչպե՞ս կարող եմ իմ երկիր վերադառնալ։

    Դուք միշտ էլ կարող եք Ձեր երկիր վերադառնալու որոշում կայացնել։ Դուք կկազմակերպեք ուղևորությունը և կհոգաք նրա ծախսերը։ Եթե չունեք դրա հնարավորությունը, մենք կարող ենք միասին պարզել, թե արդյո՞ք կարող եք կամավոր վերադարձի ծրագրի միջոցով օժանդակություն ստանալ։

  2. Ի՞նչ է ինքնուրույն վերադարձը։

    Բելգիայում առանց պատշաճ փաստաթղթերի մնալու դեպքում Դուք ստիպված կլինեք վերադառնալ Ձեր սեփական միջոցներով։ Մենք դա կոչում ենք ինքնուրույն վերադարձ։ Դուք ի վիճակի չե՞ք դա ինքնուրույն անել։ Դիմեք մեզ, և մենք միասին կպարզենք Ձեզ կամավոր վերադարձի ծրագրի միջոցով օժանդակելու հնարավորությունը։

  3. Ի՞նչ է կամավոր վերադարձը։

    Վերադարձ Ձեր երկիր, ուր Դուք որոշել եք վերադառնալ։ Եթե Դուք վերադարձի համար օժանդակության կարիք ունեք, ապա կարող եք դիմել մեզ և պարզել առկա հնարավորությունները։

  4. Ո՞ւր կարող եմ գնալ։

    Ամենապարզ տարբերակը Ձեր երկիր վերադառնալն է։ Դուք նաև կարող եք մեկնել այլ երկիր, բայց միայն այն դեպքում, եթե ունեք այնտեղ մուտք գործելու համար վավեր փաստաթղթեր և այս երկիր վերադառնալու վավեր թույլտվություն։

  5. Ի՞նչ է վերադարձի որոշումը։

    «Վերադարձի որոշումը» կամ «տարածքը լքելու կարգադրությունը» փաստաթուղթ է, որում նշված է այն ժամանակահատվածը, որի ընթացքում Դուք պետք է հեռանաք Բելգիայից։ Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ այստեղ։

  6. Ինչպե՞ս կարող եմ դիմել կամավոր վերադարձի համար։

    Դիմեք Բելգիայում գտնվող գրասենյակներից կամ կազմակերպություններից մեկին, զրուցեք սոցիալական ծառայության աշխատակցի հետ կամ զանգահարեք 0800 327 45 անվճար հեռախոսահամարով։ Ձեր դիմելուն պես մենք նախ կստուգենք Ձեր համապատասխանությունը կամավոր վերադարձին օժանդակության մասով։

  7. Ո՞վ է կազմակերպելու իմ կամավոր վերադարձը։

    Կամավոր վերադարձի ծրագիրը կարող է Ձեզ մեկ անգամ օգնել վերադառնալ։ Օդանավով կամ ավտոբուսով վերադարձի ուղևորությունը կազմակերպվում է Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) հետ համատեղ։ IOM-ը, Caritas International-ը կամ այլ գործընկեր կազմակերպությունը Ձեզ աջակցություն կցուցաբերի Ձեր երկիր ժամանելուց հետո։

  8. Ես պե՞տք է որևէ վճարում կատարեմ։

    Ոչ։ Եթե Դուք ենթակա եք կամավոր վերադարձին օժանդակություն ստանալու, ապա Ձեր օդանավի կամ ավտոբուսի տոմսի և օդանավակայան կամ երկաթուղային կայարան փոխադրման համար կվճարվի։ Դուք պետք է Ձեր երկրի դեսպանատնից ինքներդ ստանաք Ձեր ճանապարհորդական փաստաթղթերը։ Այդ ծախսերը Ձեզ կփոխհատուցվեն նախքան մեկնումը։ Եթե Դուք ենթակա չեք կամավոր վերադարձին օժանդակություն ստանալու, ապա պետք է ինքներդ վճարեք Ձեր ուղևորության համար։

  9. Որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել անհրաժեշտ ճանապարհորդական փաստաթղթերը։

    Եթե չունեք Ձեր երկիր վերադառնալու համար անհրաժեշտ՝ անձը հաստատող փաստաթղթեր, Դուք պետք է այցելեք Ձեր երկրի դեսպանատուն։ Դեսպանատունը կարող է Ձեզ անձնագիր կամ ճանապարհորդական փաստաթուղթ տրամադրել։ Եթե խնդիրներ ունենաք, մենք կարող ենք օգնել։

  10. Որքա՞ն ուղեբեռ կարող եմ վերցնել։

    Այս դեպքում գործում են ավիաուղիների կամ ավտոբուսային ընկերության կողմից ուղեբեռի մասով սահմանված կանոնները. Դուք չպետք է գերազանցեք առավելագույն քանակը և զանգվածը։ Ուստի հավաստիացեք, որ Ձեր ուղեբեռը չափազանց ծավալուն չէ՛։

  11. Ինձ կուղեկցե՞ն վերադարձի ճանապարհին։

    Այո։ Բելգիայից մեկնելիս խորհրդատուն Ձեզ կփոխանցի օդանավի տոմսերը և, առկայության դեպքում, Ձեզ հասանելիք պարգևատրությունը։ Այնուհետև նա Ձեզ կուղեկցի մինչև սահմանային անցակետը։ Ձեզ կտրամադրեն աչքի ընկնող պայուսակ, որը Դուք պետք է օդանավակայան տանեք, որպեսզի խորհրդատուն կարողանա անմիջապես գտնել Ձեզ։ Եթե ցանկանաք, հնարավորության դեպքում IOM-ի, Caritas International-ի կամ այլ տեղական գործընկերոջ անձնակազմի անդամը կարող է Ձեզ դիմավորել Ձեր երկիր ժամանելուն պես։

  12. Իմ երկրում կյանքը հեշտ չէ։ Ի՞նչ օժանդակություն կարող եմ ակնկալել։

    Մենք աշխատում ենք Ձեր հայրենի երկրում գտնվող տեղական գործընկերների հետ, որոնք կարող են Ձեզ օգնել Ձեր երկրում վերաինտեգրվելու գործում։ Օրինակ՝ նրանք կարող են Ձեզ օգնել, որպեսզի ստեղծեք սեփական բիզնես, վճարեք բուժման ծախսերը կամ աշխատանք գտնեք։ Նման օգնություն ոչ բոլորն են ստանում, քանի որ յուրաքանչյուր իրավիճակ առանձնահատուկ է։ Ցանկանո՞ւմ եք պարզել օժանդակության մասով Ձեր համապատասխանությունը։ Հավելյալ տեղեկություններ ստացեք այստեղ։